Ալեն Սիմոնյանն ու ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։


Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Ֆղանսուազ Ժակոբին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:


«Մեծապես կարևորում եմ ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների և կառույցների միջոցով մեր երկրի ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգին ցուցաբերվող հետևողական աջակցությունը:


Մենք՝ օրենսդիրներս, անում ենք և պատրաստ ենք անել հնարավորը՝ օրենսդրական դաշտի ապահովման և ռազմավարական տարբեր ծրագրերի իրականացման համար»,- նշել է Ալեն Սիմոնյանը:


Կազմակերպության հետ գործընկերության առաջնահերթություններից ԱԺ նախագահը կարևորել է աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացի և Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցերը:


Քննարկվել են համատեղ իրականացվող նախաձեռնությունները և ծրագրերը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման ծրագրի շրջանակում կրթական, հումանիտար, էներգետիկ և այլ ոլորտներում համագործակցությունը: